Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Չինաստանի փափուկ ու սուր ուժը

Չինաստանի փափուկ ու սուր ուժը
15.01.2018 | 10:20

Չինաստանը միլիարդավոր դոլարներ է ներդրել իր փափուկ ուժը տարածելու մեջ, բայց վերջերս բախվում է ժողովրդավարական երկրներում բացասական վերաբերմունքի: Ժողովրդավարության ազգային ճակատի (NED) նոր զեկույցը հաստատում է, որ պետք է վերաիմաստավորել «փափուկ ուժ» հասկացությունը, որովհետև «սառը պատերազմից հետո կիրառվող հայեցակարգային բառարանը այլևս համարժեք չէ ժամանակակից իրավիճակին»: Զեկույցում ազդեցության տարածման նոր ավտորիտար փորձերն անվանվում են «սուր ուժ»: Վերջերս The Economist-ը «սուր ուժը» բնորոշել էր իբրև ուժ, որ հենվում է «դիվերսիաների, վախեցման ու ճնշման վրա, որ համատեղ խթանում են ինքնագրաքննությունը»: Եթե փափուկ ուժը օգտագործում է երկրի մշակույթի ու արժեհամակարգի գրավչությունը` ընդլայնելու իր հզորությունը, սուր ուժը օգնում է ավտորիտար վարչակարգերին վերահսկել իրավիճակը պետության ներսում և խաղարկել կարծիքը արտասահմանում:


«Փափուկ ուժ» (ուրիշների վրա ազդելու կարողությունը` գրավչության ու համոզելու միջոցով, այլ ոչ կոշտ ուժի հարկադրման ու փողի) հասկացությամբ երբեմն անվանում են հզորության ցանկացած դրսևորում` առանց բռնության կիրառման: Բայց դա սխալ է: Հզորությունը երբեմն կախված է բանակի ու տնտեսության հաղթանակներից, բայց նույնպես կախված է համոզելու ունակությունից: ՈՒժեղ, համոզիչ ելույթները հզորության աղբյուր են: Չինաստանի տնտեսական հաջողությունները օգնեցին ստեղծել և կոշտ, և փափուկ ուժ, բայց` սահմանափակումներով: Տնտեսական օգնության չինական փաթեթը «Գոտու ու ճանապարհի նախաձեռնության» շրջանակներում կարող է երևալ դրական ու գրավիչ, եթե այդ օգնության պայմանները այնքան տհաճ չեն, որքան Շրի Լանկայի նավահանգստի դեպքում էին: Կան և կոշտ տնտեսական ուժի կիրառման այլ դեպքեր, որ թուլացրին չինացիների խոսքի փափուկ ուժը: Օրինակ, Չինաստանը պատժեց Նորվեգիային` Լի Սյաբոյին Նոբելյան մրցանակ շնորհելու համար և սպառնաց արգելել չինական շուկա ավստրալիական հրատարակչության մուտքը, որ հրատարակել էր Չինաստանին քննադատող գիրք:


Եթե սուր ուժ հասկացությունը օգտագործենք իբրև «տեղեկատվական պատերազմի» համարժեք, փափուկ ուժի հետ հակադրությունը միանգամայն ակնհայտ կդառնա: Սուր ուժը կոշտ ուժի տարբերակ է և խաղարկում է ոչնյութական տեղեկատվությունը, բայց ոչնյութականությունը փափուկ ուժի տարբերիչ որակ չէ: Օրինակ` սպառնալից հայտարարությունները ոչնյութական են, բայց բռնություն են: Երբ 1990-ին ես ներկայացրի փափուկ ուժի հայեցակարգը, գրեցի, որ նրան տարբերում են կամավորությունն ու գործողության անուղղակիությունը, մինչդեռ կոշտ ուժը հենվում է սպառնալիքների ու խթանների վրա: Երբ ձեզ վրա զենք են ուղղել ու վերցրել են դրամապանակը, կարևոր չէ` ինչ եք ցանկանում կամ մտածում: Դա կոշտ ուժ է: Երբ ինչ-որ մեկը համոզել է ձեզ` ձեր փողերը տալ, փոխել է ձեր մտքերն ու ցանկությունները: Դա փափուկ ուժ է: Ճշմարտությունը և բացությունը բաժանարար գիծ են հասարակական դիվանագիտության մեջ փափուկ ու սուր ուժերի միջև: Երբ Չինաստանի նորությունների «Սինխուա» պաշտոնական գործակալությունը բաց հաղորդումներ է սփռում այլ երկրներում, օգտագործում է փափուկ ուժը և մենք պետք է հաշտվենք այդ փաստի հետ: Բայց երբ China Radio International կազմակերպությունը գաղտնի աջակցում է 33 ռադիոընկերությունների 14 երկրներում, անցնում է սուր ուժի սահմանը, կամավորության սկզբունքի այդ խախտումները պետք է հրապարակայնացվեն: Իհարկե, գովազդն ու համոզելը միշտ ենթադրում են կանխակալության որոշակի աստիճան (ֆրեյմինգ), որ սահմանափակում է կամավորությունը և սոցիալական միավայրի կառուցվածքային տարրերը: Բայց բացահայտ սուտը կարելի է դիտարկել բռնություն: Այո, ուժային չէ, բայց հնարավորություն չի տալիս իմաստավորված ընտրություն անել:


Հասարակական դիվանագիտության մեթոդները, որ ընկալվում են իբրև քարոզչություն, ի վիճակի են փափուկ ուժ ստեղծել: Մեր տեղեկատվական դարաշրջանում ամենաաղքատիկ ռեսուրսները ուշադրությունն ու վստահությունն են: Այդ պատճառով փոխանակման ծրագրերը, որ երկկողմ կապեր ու անձնական հարաբերություններ են զարգացնում ուսանողների ու երիտասարդ առաջնորդների միջև, հաճախ փափուկ ուժի ավելի արդյունավետ գեներատորներ են, քան պաշտոնական տեղեկությունները: ԱՄՆ-ում վաղուց են գործում ծրագրեր, որ խթանում են արտասահմանյան երկրների երիտասարդ առաջնորդների այցերը: Այդ օրինակին հաջողությամբ հետևում է Չինաստանը: Դա փափուկ ուժի խելամիտ կիրառում է: Սակայն եթե վիզաների մեքենայություններ են լինում կամ մուտքը սահմանափակվուն է քննադատությունից ձերբազատվելու ու ինքնագրաքննությունը խթանելու համար, անգամ այդ ծրագրերը կարող են սուր ուժի վերածվել:
Պատասխանելով Չինաստանի սուր ուժի կամ տեղեկատվական պատերազմի կիրառմանը, ժողովրդավարական երկրները պետք է զգույշ գործեն: Փափուկ ուժի նշանակալից մասը, որ ունեն ժողովրդավարական երկրները, ստեղծում է քաղաքացիական հասարակությունը, ուրեմն կարևորագույն ակտիվը բացությունն է: Չինաստանը կարող էր ավելի շատ փափուկ ուժ գեներացնել, եթե մի քիչ թուլացներ կուսակցական կոշտ վերահսկողությունը քաղաքացիական հասարակության նկատմամբ: ԶԼՄ-ների մանիպուլյացիաները և հաղորդակցության ստվերային ալիքների վրա հենվելը թուլացնում է փափուկ ուժը: Ժողովրդավարական երկրները չպետք է տրվեն սուր ուժի այդ ավտորիտար գործիքները պատճենելու գայթակղությանը: Ավելին` փափուկ ուժի չինական լեգիտիմ միջոցների փակումը հակաարդյունավետ է: Փափուկ ուժը հաճախ կիրառվում է մրցակցության նպատակով զրո գումարով խաղում, բայց կարող է և դրական գումարով խաղի գծեր ունենալ: Օրինակ, եթե Չինաստանն ու ԱՄՆ-ը ցանկանան խուսափել կոնֆլիկտից, փոխանակության ծրագրերը, որ մեծացնում են Չինաստանի համար ԱՄՆ-ի գրավչությունը (և հակառակը), երկու երկրներին էլ կարող են օգուտ բերել: Իսկ միջազգային խնդիրները լուծելիս, օրինակ` կլիմայի փոփոխությունների, որտեղ երկու կողմերը կարող են համագործակցելով` շահել, փափուկ ուժը թույլ է տալիս վստահություն ստեղծել և ցանցային կապեր, համագործակցությունը հնարավոր է դարձնում: Թեպետ սխալ կլիներ արգելել փափուկ ուժի գործիքները միայն այն պատճառով, որ երբեմն վերածվում են սուր ուժի գործիքի, կարևոր է հետևել ջրբաժանի գծի պահպանմանը: Օրինակ, «Խանբան» պետական գործակալությունը կառավարում է Կոնֆուցիուսի 500 ինստիտուտներ և 1000 դասարաններ, որոնց Չինաստանն աջակցում է ամբողջ աշխարհի համալսարաններում ու դպրոցներում` չինարենի ու չինական մշակույթի դասավանդման համար: Այդ գործակալությունը չպիտի տրվի արգելքներ մտցնելու ցանկությանը, որ սահմանափակում են ակադեմիական ազատությունը: Այդ գիծը հատելն արդեն հանգեցրել է Կոնֆուցիուսի մի քանի ինստիտուտների փակմանը: Լավագույն պաշտպանությունը փափուկ ուժը սուր ուժի տեղ օգտագործելու չինական փորձերի դեմ այդ փորձերը հրապարակայնացնելն է: Այստեղ ժողովրդավարական երկրներն առավելություն ունեն:
Ջոզեֆ ՆԱՅ, Project Syndicate, ԱՄՆ


Հ.Գ. Սա ԱՄՆ-ի տեսակետն է, իսկ ի՞նչ կասեին չինացիները, որ միլիոնավոր դոլարներով ներդրումներ են անում ու ուզում են արդյունք ունենալ: Պեկինը երբեք չի հայտարարել, որ ինքը բարերար է համաշխարհային մասշտաբով: Երբ տեղեկատվական պատերազմում կարևորվում է արագ արդյունքը, բոլոր ուժերն էլ համադրվում են: ՈՒ ընդհանրապես` ինչի՞ համար է ուժը, եթե ոչ կիրառելու: Այլապես աշխարհում ոչ պատերազմներ կլինեին, ոչ կոնֆլիկտներ, ոչ էլ սպառազինությունների մրցավազք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ